15 հուլիսի 2021 - 12:13 AMT
Krisp-ը և ԵՊՀ-ն գիտակրթական լաբորատորիա կբացեն

Krisp ընկերությունը և Երևանի պետական համալսարանը YSU Krisp AI Lab գիտակրթական լաբորատորիա բացելու հուշագիր են ստորագրել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Krisp-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արտավազդ Մինասյանը։

Նշվում է, որ ԵՊՀ-ի բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողները հնարավորություն կունենան ստանալու համապատասխան կրթություն, աշխատելու արհեստական բանականության գիտական թեմաների վրա, տպագրելու հոդվածներ։

Krisp-ի գիտական թիմի անդամները ղեկավարելու են ուսանողների գիտական թեմաները։

«Այս լաբորատորիայի հիմնումը կարևոր է մի քանի պատճառներով՝

• Գիտական հիմքի վրա ստեղծված ընկերությունը աճում է և սկսում է երկարաժամկետ ներդրումներ անել գիտության և բարձրագույն կրթության մեջ։

• Հայաստանում ամրանում է արհեստական բանականության գիտական դպրոցը։

• Կարևորվում է կիրառական գիտության և բիզնեսի կապը»,-ասվում է գրառման մեջ։

Հայկական Krisp ընկերությունը տեխնոլոգիական ընկերություն է, որը 2020թ․ ներգրավել է 5 մլն դոլարի ներդրում։

Արհեստական բանականության տեխնոլոգիաների վրա հիմնված Krisp-ի լուծումները թույլ են տալիս ձայնը մաքրել անչափ կարճ ժամանակահատվածում` 15 միլիվայրկյան, ինչև թույլ է տալիս դրանք գործարկել գրեթե ցանկացած էլեկտրոնային սարքի վրա, մասնավորապես՝ սմարթֆոնների։