16 հուլիսի 2021 - 16:17 AMT
Քոչարյան․ Բանտարկում են նրանց, ովքեր զենքը ձեռքին պաշտպանել են մարզի բնակիչների անվտանգությունը

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի նկատմամբ սպառնալիքներ պարունակող վերջին հայտարարությանը։ Նա նշել է, թե դրանից բավական ժամանակ է անցել, և հանրությունը սպասում էր, որ ՀՀ-ից համարժեք պատասխան կլինի, բայց դա «հերթական անգամ տեղի չունեցավ»:

Հուլիսի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե ղարաբաղյան հակամարտությունը հանգուցալուծված է և Լեռնային Ղարաբաղ չկա՝ կա Ղարաբաղ։ Նա նշել էր նաև, թե նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ ասվում է՝ բոլոր փախստականները պետք է վերադառնան իրենց հայրենի հողեր։

«Մեր հայրենի հողը Զանգեզուրն է, մեր հայրենի հողը Սևանն է, Երևանն է։ Մենք, իհարկե, կվերադառնանք»,- նշել էր նա։

«Միջազգային հարաբերություններում չի հարգվում վախվորածությունը և անհստակությունը: Հայաստանին և հայ ժողովրդին ուղղված սպառնալիքները պահանջում են կոշտ և հստակ արձագանք: Հայաստանը պետք է դրսևորի բավարար կամք՝ պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը և ժողովրդի արժանապատվությունը:

Ցավալի է փաստել, բայց քանի դեռ Հայաստանը ղեկավարում է պատերազմում պարտված ղեկավարը, այս ստորացուցիչ պատկերը շարունակվելու է:

Ավելին, դրա հետ միաժամանակ, իշխանությունները, իրենց թերարժեքության բարդույթով պայմանավորված, ձերբակալում են Սյունիքի համայնքապետերին: Բանտարկում են նրանց, ովքեր զենքը ձեռքին պաշտպանել են մարզի բնակիչների անվտանգությունը»,- նշել է նա:

«Հայաստան» դաշինքի մի շարք անդամներ, որոնցից ոմանք միաժամանակ Սյունիքի համայնքապետերի պաշտոններ են զբաղեցնում, վերջին օրերին բերման են ենթարկվել, ինչպես նաև կալանավորվել՝ ԱԺ արտահերթին կաշառք բաժանելու գործերով։