16 հուլիսի 2021 - 16:38 AMT
ԱՆ․ Covid-19-ի դելտա շտամը մտահոգության առիթ է՝ պատվաստվեք, որ պաշտպանվեք

Կորոնավիրուսի դելտա շտամն աշխարհում մտահոգության առիթ է, քանի որ դրա վարակելիությունը բարձր է, հայտնում են ՀՀ առողջապահությա նախարարությունից։

Covid-19-ի այս շտամն արդեն իսկ շրջանառվում է մի շարք երկրներում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հետևում է շտամի աշխարհով մեկ արագ տարածման միտումներին:

«Ներկայումս կորոնավիրուսային հիվանդության «դելտա» շտամով վարակման դեպքեր գրանցվել են արդեն իսկ 96 երկրում: Այն ավելի արագ է տարածվում, քան նույնիսկ «ալֆա» շտամը:

«Դելտա» շտամի արագ տարածման վտանգավորության մասին իրազեկվածությունը թույլ կտա միջոցներ ձեռնարկել ռիսկերը նվազեցնելու համար: ԱՆ-ն իրականացնում է մի շարք կանխարգելիչ միջոցառումներ և կրկին հորդորում է պահպանել հակահամաճարակային կանոնները, այն է`

• կրել դիմակ,

• հետևել ձեռքերի հիգիենային,

• պահպանել սոցիալական հեռավորություն,

• խուսափել մարդաշատ վայրերից

• հաճախ օդափոխել փակ տարածքները և այլն:

ԱՆ-ից նշում են՝ համավարակի դեմ պայքարի լավագույն և արդյունավետ միջոցը պատվաստվումն է, և հորդորում պատվաստվել:

Covid-19-ի դեմ առկա պատվաստանյութերը որոշակի պաշտպանություն են ստեղծում վիրուսի նոր տեսակներից, քանի որ առաջացնում են լայն իմունային պատասխան` ներառելով մի շարք հակամարմիններ և բջիջներ:

«Ուստի, պատվաստանյութերն արդյունավետ են և կանխում են հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր, մահվան դեպքերը:

Ի դեպ, ըստ PHE-ի վերլուծության` COVID-19 պատվաստանյութերի 2 դեղաչափերը խիստ արդյունավետ են «դելտա» շտամից հոսպիտալացման դեմ», - ասված է ԱՆ հաղորդագրությունում։