19 հուլիսի 2021 - 11:01 AMT
Ռոբոտաշինության միջազգային օլիմպիադա և «Սոֆթբոտ» ցուցահանդեսը` Երևանում

Հուլիսի 18-ին՝ «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ և Softconstruct ընկերության գործընկերությամբ, Երևանում կայացել է միջազգային հայտնի մրցույթի՝ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի հայաստանյան փուլը:

Հայաստանում արդեն 6-րդ անգամ անցկացվող ռոբոտաշինության հանրահայտ օլիմպիադան այս տարի տեղի է ունենում նոր ձևաչափով: Դրա շրջանակում տեղի է ունենում նաև «Սոֆթբոտ» ռոբոտաշինության ցուցահանդեսը: Դրանում ներկայացված են հայկական առաջատար ընկերությունների ռոբոտաշինական վերջին նվաճումներն և նորարարական տեխնոլգիաները:

ՌՀՕ-ի հայաստանյան փուլի մասնակից 18 թիմ մրցել է «PowerBots - Էներգետիկայի ապագան» թեմատիկայի ներքո՝ նպատակ ունենալով կատարել վերականգնվող էներգիայի գործածմանն ուղղված առաջադրանքներ: Ըստ օլիմպիադայի արդյունքների՝ բարձր ցուցանիշ գրանցած թիմերը կստանան խրախուսական մրցանակներ, իսկ գլխավոր մրցանակը կլինի Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլում Հայաստանը ներկայացնելու հնարավորությունը:

Ռոբոտաշինության միջազգային օլիմպիադան ու «Սոֆթբոտ» ցուցահանդեսը առանձնահատուկ նախաձեռնություն են՝ ուղղված Հայաստանում ինժեներական ու տեխնոլոգիական մտքի զարգացմանն ու ոլորտում նորարարական լուծումների բացահայտմանը: