18 մարտի 2009 - 14:30 AMT
Հայոց ցեղասպանության մասին բանաձեւն արդեն ստացել է 77 կոնգրեսականի աջակցությունը
Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) ողջունում է 111 Կոնգրեսի օրակարգում Հայոց ցեղասպանությանմասին բանաձեւի ընդգրկումը: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեցին ԱՀՀ-ից, բանաձեւն արդեն ստացել է 77 կոնգրեսականի աջակցությունը:

«ԱՀՀ-ը երախտապարտ է կոնգրեսական Ադամ Շիֆին, Ջորջ Ռադանովիչին, Ֆրենք Փալոունին եւ Մարք Քըրքին Հայոց ցեղասպանության ճանաչման գործին նվիրվածության համար: Կոնգրեսականների ներկայացրած բանաձեւը կարող է կարեւոր քայլ դառնալ ԱՄՆ-ի համար աշխարհում հետագա ցեղասպանությունների կանխման գործում», - հայտարարել է ԱՀՀ-ի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

ԱՀՀ-ը նաեւ տեսահոլովակ է թողարկել «Կոտրել հերքման շղթաները» վերնագրով, որը Համագումարի ակտիվիստներին կոչ է անում կոնգրեսականներից պահանջել ընդունելու բանաձեւը:

Մարտի 17-ին ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել էր Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանձեւը: Բանաձեւը, որի հեղինակներ են Ադամ Շիֆը, Ջորջ Ռադանովիչը, Ֆրենք Փալոունը եւ Մարք Քըրքը, ԱՄՆ նախագահին եւ կառավարությանը կոչ է անում Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ կատարված գազանությունները, որոնք խլել են 1,5 մլն մարդու կյանք, ցեղասպանություն ճանաչել: