ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 20-ին Մոսկվայում կընդունի Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին։ Նրանք քննարկելու են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումը, տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Նախատեսվում է կարծիքների փոխանակում ակտուալ տարածաշրջանային հարցերի շուրջ։ Հիմնական ուշադրությունը կդարձվի Լեռնային Ղարաբաղի վեաբերյալ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների 2020թ․ նոյեմբերի 10-ի և 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման գործնական ասպեկտներին, այդ թվում՝ ապաշրջափակման և տնտեսական ու էներգետիկ կապերի զարգացման հարցերի լուծմանը»,-ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին ասել է, որ խոսքն աշխատանքային այցի մասին է։
«Այո, այդպիսի այց պատրաստվում է։ Խոսքը դիրքորոշումների ճշգրտման մասին է»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։
Պեսկովը հավելել է, որ այցի ընթացքում որևէ փսատաթղթի ստորագրում չի նախատեսվում։