Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` անդրադարձ է եղել նաև գերիների վերադարձի խնդրին և տարածաշրջանային ճանապարհների վերագործարկմանը։
Կողմերը հանգամանալից քննարկել են տարածաշրջանին վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել 2020 թվականի նոյեմբերի 10-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:
Քննարկվել են նաև տնտեսության և պաշտպանության ոլորտներում երկկողմ համագործակցության ընթացիկ և հեռանկարային հարցերը:
Տարածաշրջանում տիրող իրավիճակի համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է խաղաղության և կայունության պահպանության առումով ՌԴ առանցքային դերակատարումը: Կողմերը շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության կարևորությունը:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 22-ի կառավարության նիստում շեշտել էր ՀՀ և ՌԴ զինված ուժերի միացյալ խմբավորման և Արցախում ռուսական խաղաղապահների ներկայության անկյունքարային նշանակությունը։ Նա նշել է, որ Ադրբեջանը նպատակ ունի խափանել նոյեմբերի 10-ի և հունվարի 11–ի եռակողմ հայտարարությունների իրագործումը, մասնավորապես՝ տարածշրջանային կոմունիկացիաների բացման և Հայաստանի ապաշրջափակման մասով: