ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հետ հանդիպումից հետո Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը, անդրադառնալով Հ․Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Պետական կամերային երաժշտական թատրոնների միավորման որոշմանը, ասել է, որ նախարարի հետ հանդիպումն իրեն չի գոհացրել, որովհետև համաձայն չեն նախարարության կողմից առաջարկվող լուծման հետ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ընդունել է Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանին, դերասաններ Զարուհի Հակոբյանին և Մարիաննա Դանիելյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Հանդիպման ժամանակ թատրոնի ներկայացուցիչները հայտնել են կոլեկտիվին հուզող հարցերը թատրոնների միավորման կապակցությամբ: Ի պատասխան՝ Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ միավորումից հետո թատերախմբի ստեղծագործական գործունեության շարունակականությունը լինելու է երաշխավորված։
Հանդիպումից հետո Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասան Արթուր Պետրոսյանն ասել է․«Մեր պահանջն արդար ու ազնիվ է, իսկ այն պատճառաբանությունները, որոնք բերվում են նախարարությունից, ինձ համար անհեթեթ են», տեղեկացնում է Panorama.am-ը։
Ըստ նրա, անհնար է երկու թատրոն ստեղծագործեն մեկ հարկի տակ: Դերասանը վստահ է, որ իրենց ազնիվ պայքարից հետո թատրոնի շենքը թատրոնինն է լինելու ու վերջնականապես: Արթուր Պետրոսյանը նշել է, որ նախարարը չի տիրապետում թատերական ոլորտին։
Հուլիսի 23-ին Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասանները հավաքվել էին ԿԳՄՍ նախարարության մեջ՝ իրենց բողոքն արտահայտելու թատրոնների միավորման որոշման դեմ, պահանջելով հանդիպում ԿԳՄՍ նախարարի հետ: