Վերաբացվել է Միքայելյան համալսարանական հիվանդանոցում հունիսի 15-ից փակված մոտ 140 մահճակալից բաղկացած Covid բաժանմունքը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Հաշվի առնելով կորոնավիրուսով վարակվածության թվերի աճը, վերակենդանացման բաժանմունքների ծանրաբեռնված աշխատանքները, Միքայելյան համալսարանական հիվանդանոցում կրկին կիրականացվի Covid հիվանդների բուժսպասարկում՝ մոտ 140 մահճակալից բաղկացած առանձնացված մասնաշենքում` առանձին մուտքով»,-ասվում է գրառման մեջ:
Նշվում է, որ մասնաշենքն արդիականացվել է և իր գործունեությունն է ծավալում ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ։ Համալսարանական լավագույն մասնագետներն ապահովում են բուժօգնության բարձր որակն ու հասանելիությունը։
Մուրադյանը հորդորել է պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները և հրատապ պատվաստվել։
«Հիշեք, միայն միասին կարող ենք կոտրել Covid 19-ի տարածման շղթան: Խնդրում եմ, օգնեք օր ու գիշեր աշխատող մեր բուժաշխատողներին, որպեսզի չունենանք վտանգավոր ու ծանր հետևանքներ»,-գրել է նա:
Հուլիսի 27-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 229,090-ի, որից առողջացել է 219,280-ը։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4597 դեպք կա, այլ պատճառով՝ 1116։
Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 4597-ի։