5 օգոստոսի 2021 - 11:59 AMT
«Զվարթնոցում» դիմավորել են օլիմպիական մեդալակիներ Մարտիրոսյանին և Դավթյանին

«Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում հայկական զուռնա-դհոլով են դիմավորել ծանրամարտի կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին (109 կգ) և օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանին՝ մարզիչներ Վիգեն Խաչատրյանի և Հայկ Նազարյանի հետ:

«Վատ չէր, իհարկե, բայց կարող էր ավելի լավ լինել։ Այն ինչ եղավ, եղավ` ոչինչ չես կարող հետ բերել, պիտի առաջ նայես ու առաջ շարժվես։ Ուզում էի իրոք հաղթեի, որ այն (հաղթանակը,- խմբ.) նվիրեի մեր զինվորներին և զոհերին»,– ասել է Մարտիրոսյանը` հավելելով, թե չի ստացվել ոսկի բերել, քանի որ այդ օրն իրենը չէր, գրում է Sputnik Արմենիան։

Դավթյանն էլ նշել է, որ երրորդ տեղը հայաստանյան պայմանների համար ոսկի է։

«Սառույցը կոտրվեց. ջահել սերունդը, որ պետք է սկսվի մարզվել, սա արդեն իսկ կարող է լավ սկիզբ դառնալ։ Մեր վատ պայմաններում որ նման արդյունք ունեցանք, արդեն իսկ մեծ բան է»,–ասել է նա` հիշեցնելով, որ խորհրդային ժամանակներից հետո սա Հայաստանի առաջին մեդալն է մարմնամարզության մեջ։

Օլիմպիական մեդալակիներին դիմավորելու էին եկել նրանց ծնողները, հարազատներն ու բարեկամները, ընկերները, սպորտային մարմնամարզության և ծանրամարտի տղամարդկանց հավաքականների անդամները։