5 օգոստոսի 2021 - 16:33 AMT
ՌԴ ԱԳՆ․ Եռակողմ հայտարարությունների կատարումն առաջնային է ԼՂ խնդրի գոտում իրավիճակի կարգավորման համար

ՌԴ ԱԳՆ-ն առաջնային է համարում 2020թ․ նոյեմբերի 10-ի և 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կարգավորման համար։ Այդ մասին ասվում է ՌԴ միջազգային դիրքորոշման վերաբերյալ ՄԱԿ 76-րդ Գլխավոր վեհաժողովին ներկայացրած հաղորդագրության մեջ։

ՌԴ ԱԳՆ-ն օգտակար է համարում, որ ԼՂ-ում ռուսական խաղաղապահ առաքելությանը միանան նաև ՄԱԿ գործակալությունները, մասնավորապես, ՄԱԿ Փախստականների գծով Գերագույն հանձնակատարի վարչությունը։

«Նրանց հնարավոր աշխատանքի պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի և Երևանի հետ»,-ասվում է փաստաթղթում։

44-օրյա պատերազմի ավարտից հետո մինչ օրս միջազգային մարդասիրական կազմակերպությունները գործունեություն չեն ծավալել Լեռնային Ղարաբաղում, բացառությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի։