«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ԱԺ-ում հայտարարել է, որ եթե Արցախի հարցերով մշտական հանձնաժողով չստեղծվի, ապա դա կարող է հիմնավոր կասկածներ առաջացնել, որ քաղաքական մեծամասնությունը հրաժարվում է Արցախից։
Նման առաջարկով հանդես են եկել «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները։
Վանեցյանը շեշտել է, որ նման հանձնաժողովի ստեղծումը հստակ քաղաքական ուղերձ կլինի արցախահայությանը, սփյուռքահայությանը, Ադրբեջանին ու Թուրքիային, միջազգային հանրությանը, որ ՀՀ-ն Արցախի մասին չի մոռացել, չի հրաժարվել և չի պատրաստվում հրաժարվել Արցախի խնդիրներով զբաղվելուց։
«Եթե, այնուամենայնիվ, առաջարկը մերժվի, ապա կարող ենք հիմնավոր կասկածներ ունենալ, որ ՀՀ-ում այսօր իշխանություն կազմողները փորձում են, կամ հետևողականորեն լվանում են իրենց ձեռքերը Արցախից, հրաժարվում են Արցախից։ Մենք դա չենք կարող թույլ տալ։ Արցախը կա և մնում է հայկական, և Արցախի հարցերով մենք բոլորս պարտավոր ենք զբաղվել օր ու գիշեր», - ասել է Վանեցյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջարկում է ստեղծել 12 հանձնաժողով` կիսելով առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը։