11 օգոստոսի 2021 - 16:32 AMT
Ռուս խաղաղապահները հետաքննում են Շուշիի մոտ փոխհրաձգությունը

Ռուս խաղաղապահները հետաքննում են Արցախում, Շուշիի մերձակայքում օգոստոսի 9-ին տեղի ունեցած փոխհրաձգության մանրամասները։

«Օգոստոսի 9-ին՝ 17։45-ին, Շուշի բնակավայրի շրջանում հրաձգային զենքից փոխհրաձգություն է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների և Ադրբեջանի զինված ուժերի միջև։ Ռուս խաղաղապահների ջանքերով կրակը դադարեցվել է, տուժածներ չկան։ Այս փաստի առթիվ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը հետաքննություն է անցկացնում՝ հայկական ու ադրբեջանական կողմերի հետ համատեղ», - ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Օգոստոսի 9-ին ԱՀ ՊՆ-ն հայտնել էր, որ օգոստոսի 9-ին՝ ժամը 16:00-22:00-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հարավ-արևմտյան (Շոշ-Մխիթարաշեն) հատվածում:

«Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀՀՆ-9 (հաստոցավոր հակատանկային նռնականետ)՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ:Հայկական կողմը կորուստներ չունի։ Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,-ասվում էր հաղորդագրության մեջ: