11 օգոստոսի 2021 - 16:01 AMT
Ռուբինյան․ ՀՀ-ն պատրաստ էր դադարեցնել պատերազմը, բայց փախստականների՝ Շուշի վերադարձի հարց կար

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով ՀՀ կողմից պատերազմի դադարեցման հնարավորությանը, ասել է, որ հոկտեմբերի 19-ին Հայաստանը համաձայն է եղել դադարեցնել պատերազմը, սակայն Բաքուն նոր նախապայման է առաջ քաշել՝ փախստականների վերադարձը Շուշի։

«Դա անընդունելի էր»,-ասել է նա։

Ռուբինյանը նշել է նաև, որ հոկտեմբերի 19-ին կայացել է Անվտանգության խորհրդի նիստ, որին ներկա են եղել նաև ՀՀ նախագահն ու կաթողիկոսը, այն ժամանակվա ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները, որտեղ քննարկվել է պատերազմը դադարեցնելու հարցը՝ հնչել են մտքեր, որ կարելի է գնալ դրան, ռուսական առաջարկով շրջանների հանձնմամբ։

«Հայաստանը պատարաստ է եղել դադարեցնել պատերազմը, սակայն Ադրբեջանն ամեն անգամ նոր նախապայմաններ է առաջ քաշել»,-ասել է նա։

Պատգամավորն ասել է նաև, որ Արցախայան հիմնահարցի շուրջ բանակցությունների մեխը, կարգավիճակի հետ կապված մեխը մարդիկ են, և ունենալ առանց միջանկյալ կարգավիճակի Արցախ՝ Շուշիում ադրբեջանական բնակչությամբ, «կնշանակեր ստանալ ոչ հայական վերահսկողությամբ Շուշի»։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ և Ադրբեջանի հետ բանակցությունների մասին և պատերազմը դադարեցնելու հնարավորության մասին, ասել էր, որ հոկտեմբերի 19-ին կար այդպիսի հնարավորություն, սակայն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի զարմանս իրեն, չի համաձայնել, քանի որ նախատեսվում էր ադրբեջանցի փախստականների վերադարձը Շուշի։