11 օգոստոսի 2021 - 16:57 AMT
Շոյգու․ ՌԴ ՊՆ-ն պատրաստ է աջակցել ՀՀ ԶՈւ արդիականացմանն ու բարեփոխմանը

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը պատրաստ է աջակցել ՀՀ ԶՈւ արդիականացմանն ու բարեփոխմանը։ Այդ մասին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է Մոսկվայում Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ հանդիպմանը:

«Մենք կարևորում ենք ռազմական ոլորտում մեր համագործակցության զարգացումը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակում: Պատրաստ ենք շարունակել աջակցել Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների ծրագրի իրականացմանը: Դա հեշտ խնդիր չէ, բայց կարծում եմ, որ Ձեր փորձով դա հնարավոր կլինի», - ասել է Շոյգուն, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Շոյգուն նշել է, որ Հայաստանում է 102-րդ ռուսական ռազմակայանը, որը լավ հագեցած է և անվտանգության երաշխավոր է:

«Հայաստանը ՌԴ դաշնակիցն ու առանցքային գործընկերն է Անդրկովկասում անվտանգության ապահովման գործում, և մենք չափազանց շահագրգռված ենք կայունության պահպանմամբ այդ տարածաշրջանում», - ասել է ՌԴ ՊՆ ղեկավարը։

Կարապետյանն իր հերթին երախտագիտություն է հայտնել Շոյգուին՝ Հայաստանի Զինված ուժերի մարտունակության վերականգնման, զորքերի վերազինման ուսուցման համար:

Արշակ Կարապետյանն ընդգծել է, որ պաշտպանության նախարարի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցը կատարել է Հայաստանի ռազմավարական դաշնակից ՌԴ:

«Ռուսաստանը միակ պետությունն է, որն իրապես շոշափելի արդյունք է տալիս հայ ժողովրդի անվտանգության ապահովման տեսակետից և այսօր զբաղվում է անվտանգության հարցերով ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև անմիջապես Հայաստանի սահմաններին: Մենք պատրաստ ենք շատ սերտ և արդյունավետ համագործակցության», - ասել է ՀՀ պաշտպնության նախարարը։

Օգոստոսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպմանն անդրադառնալով իրավիճակին հայ-ադրբեջանական սահմանին, ասել է, որ հայկական կողմի համբերությունն անսպառ չէ։