Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ արդեն իրավական ակտերում որոշակի փոփոխություններ են կատարվում, որ այն անձինք, որոնք չեն պատվաստվում, ամսական 2 անգամ ՊՇՌ թեստավորման արդյունք ներկայացնեն։
Նա հավելել է, որ կորոնավիրուսի դրական դեպքերի կայուն աճ է գրանցվում։
«Ուսումնական տարվա մեկնարկի հետ կապված ակնկալում ենք նաև կորոնավիրուսի դեպքերի աճ։ Ուսուցիչները, պրոֆեսորադասախոսական կազմը, հանրային սննդի օբյեկտները, մի շարք կազմակերպություններ, բոլոր կառույցներում պետք է ներդրվի այս կանոնը, որ այն անձինք, որոնք ինչ-ինչ պատճառներով հրաժարվում են պատվաստումից, բայց չունեն պատվաստման որևէ հակացուցում, պետք է ամսական 2 անգամ թեստ հանձնեն»,- ասել է Ավանեսյանը, գրում է «Փաստինֆոն»։
Այն դիտարկմանը, թե չի՞ ստացվում, որ քաղաքացիներին անուղղակի ձևով պարտադրում են պատվաստվել՝ նախարարը նշել է, որ կորոնավիրուսը լուրջ մարտահրավեր և անտեսանելի պատերազմ է։
Ավանեսյանը նշել է, որ մտավախություն ունեն հետագայում ալիքի բարձրացման և որպես պետություն ամեն ինչ պետք է անեն քաղաքացիներին պաշտպանելու համար։
Նա հավելել է նաև, որ այն անձանց նկատմամբ, որոնք պատվաստման հետ կապված կոնկրետ հակացուցում կունենան, նման պահանջ չի կիրառվի։
Օգոստոսի 12-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 233,400 դեպք, որոնցից 221,919-ն` առողջացած, 4669-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5681 պացիենտ: