13 օգոստոսի 2021 - 17:30 AMT
ԱՆ․ ՀՀ-ում համաճարակային իրավիճակը մնում է լարված` Covid-19-ի դելտա շտամի պատճառով

Հայաստանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում, կորոնավիրուսային հիվանդության պատճառով համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված՝ պայմանավորված ի հայտ եկող Covid-19-ի նոր շտամներով, մասնավորապես` դելտա շտամով:

Պատվաստումը կանխում է հիվանդության ծանր ձևերի առաջացումը և մահացությունը, նվազեցնում է վարակի տարածումը, սակայն այն ամբողջությամբ չի կանխում վիրուսի շրջանառությունը։

Շարունակում է գործել փակ տարածքներում դիմակ կրելու պահանջը, չնայած բաց տարածքներում դիմակ կրելն այլևս պարտադիր չԷ։

Կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում է պահպանել հակահամաճարակային կանոնները.

• կրե՛ք դիմակ փակ տարածքներում՝ անգամ, եթե պատվաստված եք,

• պահպանե՛ք ձեռքերի հիգիենան, պարբերաբար ախտահանե՛ք ձեռքերը 70%-անոց ալկոհոլային հիմքով ախտահանիչով,

• պահպանե՛ք սոցիալական հեռավորություն,

• հաճախակի օդափոխե՛ք փակ տարածքները։

«Սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններ ի հայտ գալու դեպքում (ջերմություն, հազ, հարբուխ) անմիջապես կապվե՛ք 4եր տարածքային պոլիկլինիկայի բժշկի հետ, մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ և մի՛ ընդունեք հակաբիոտիկներ՝ առանց բժշկի նշանակման»,-ասվում է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:

Օգոստոսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 233 797 դեպք, որոնցից 222 183-ն` առողջացած, 4678-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5805 պացիենտ: