18 օգոստոսի 2021 - 13:08 AMT
Մոսկվայում աշխատանքն է վերսկսել ԼՂ գծով եռակողմ աշխատանքային խումբը

Օգոստոսի 17-ին աշխատանքն է վերսկսել Լեռնային Ղարաբաղի գծով ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորած եռակողմ աշխատանքային խումբը։ Այդ մասին ասվում է ՌԴ կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Հանձնաժողովի նիստում Մհեր Գրիգորյանը, Շահին Մուսթաֆաևը և Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են տրանսպորտային հաղորդակցությունների վերագործարկման հեռանկարները Հարավային Կովկասի տարածաշրջանում և պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

Մասնակիցները քննարկել են նաև 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարության շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքը։

Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն, ըստ որի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերն ապաշրջափակելու նպատակով եռակողմ աշխատանքային խումբ է ստեղծվելու։

Նախատեսվում էր, որ Երևանը, Բաքուն ու Մոսկվան մինչև մարտի 1-ը կներկայացնեն ՀՀ ու Ադրբեջանի տարածքով փոխադրումների համար անհրաժեշտ աշխատանքների ժամանակացույցը, սակայն մի քանի ամիս է, ինչ հանձնաժողովի աշխատանքն ընդհատվել էր։