21 օգոստոսի 2021 - 15:07 AMT
Համայնքապետ․ Մարտակերտի Քոլատակում 13 ընտանիք է վերաբնակեցվել

ԱՀ Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքն ունի 345 բնակիչ. բոլորն էլ պատերազմից հետո վերադարձել են և շարունակում են արարել սեփական հողի վրա:Այս մասին ասել է Քոլատակի համայնքապետ Սեյրան Ավանեսյանը, տեղեկացնում է Արցախպրեսը։

«Գյուղում վերաբնակեցվել է 13 ընտանիք. նրանց համար տներ են վերանորոգվել: Դպրոցը՝ 52 աշակերտներով, վերաբացվել է դեկտեմբեր ամսից: Այս ուսումնական տարում աշակերտների թիվը կավելանա քսանհինգով: Մանկապարտեզ չունենք. բայց մանկապարտեզի ենթակա 25 սան ունենք: Համայնքում գործում են համայնքային կենտրոն, բուժկետ, որոնք վերանորոգման կարիք ունեն:

Մինչ պատերազմը վերանորոգվում էր գյուղի հանդիսությունների սրահը, պատերազմական գործողություններից հետո աշխատանքները վերսկսվել են. մոտ մեկ շաբաթից շենքը պատրաստ կլինի: Գյուղամիջյան ճանապարհները գտնվում են անմխիթար վիճակում: Ամառային շրջանում ունենք ոռոգման ջրի խնդիր։ Գյուղը ապահովված է էլեկտրաէներգիայով, գազաֆիկացված չէ, սակայն օր օրի դրա անհրաժեշտությունն էլ ավելի է զգացվում»,- նշել է Ավանեսյանը՝ հավելելով, որ բարեբախտաբար պատերազմի ընթացքում գյուղում ոչ տներ են ավերվել, ոչ էլ մարդկային կորուստ են ունեցել:

Խոսելով գյուղացիների զբաղվածության և նրանց ապագա ծրագրերի մասին՝ համայնքապետը նշել է, որ բնակչության մեծ մասը զբաղվում է անասնապահությամբ՝ ավելացնելով անասնագլխաքանակը, ինչպես նաև գյուղատնտեսությամբ ու հողագործությամբ: