ԿԳՄՍ փոխնախարարն Ժաննա Անդրեասյանը անդրադարձել է լուրերին, թե պատմության դասագրքերից հանվում են «Հայկական լեռնաշխարհ» և «Արևմտյան Հայաստան» եզրույթները: Նա ասել է, որ պատմության դասագրքերը չեն խմբագրվում։
«Պատմության դասագրքերի խմբագրման գործընթաց չի իրականացվում։ Ունենք չափորոշիչների փորձարկման պրոցես և դասագրքերի մասին որևէ մեկը չի խոսում։ Դասագրքերին անդրադառնալու ենք այն ժամանակ, երբ չափորոշիչները կփորձարկվեն, որից հետո անցնելու ենք դասագրքերի մշակմանը»,– ասել է Անդրեասյանը, գրում է Sputnik Արմենիան։
Նրա խոսքով` կան ուսումնական նյութեր, որոնք փորձարկվելու են Տավուշի մարզի որոշ դասարաններում, և պատմության դասագրքերում որևէ եզրույթի փոփոխություն չկա։ Փոխնախարարն առհասարակ տարօրինակ է համարել նման լուրերը։
Ավելի վաղ Անդրեասյանը, անդրադառնալով ուսումնական պլաններին, հայտարարել էր, որ դրանք արդեն հաստատված են որոշակի փոփոխություններով: Ուսումնական պլանի ամբողջական փոփոխությունները կկատարվեն չափորոշիչների ներդրումից հետո:
Փետրվարի 4-ին ՀՀ կառավարությունն ընդունեց հանրակրթության նոր չափորոշիչները, որոնց ստեղծման վրա կրթության նախարարությունը մասնագետների խմբերով աշխատում էր ավելի քան երկու տարի։ Նոր փոփոխություններով` հավասարապես կարևորելու են գիտելիքը, հմտությունը, դիրքորոշումն ու արժեքային բաղադրիչը, չեն կենտրոնանալու նշվածներից միայն մեկի վրա։
Բացի դրանից, փորձելու են թեթևացնել աշակերտների ծանաբեռնվածությունը (միևնույն ժամանակ չկրճատելով կրթական բովանդակությունը), ավելանալու է պետական դպրոցների ինքնուրույնությունը։