27 օգոստոսի 2021 - 13:11 AMT
Փաշինյան․ Թուրքիայի ազդակները կգնահատենք՝ դրականին դրականով կպատասխանենք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով տարածաշրջանային խաղաղության թեմային, կառավարության նիստում ասել է, որ Թուրքիայի կողմից որոշակի հրապարակային դրական ազդակներ կան։

«Մենք այդ ազդակները կգնահատենք և դրական ազդակներին դրական ազդակներով կպատասխանենք», - ասել է նա։

Փաշինյանն ասել է նաև, որ Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս իր հիմնական ասելիքը տարածաշրջանի և Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգն էր, որից հետո արդեն ադրբեջանցիները փակեցին Սյունիքի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը։

Նա ասել է, որ դա հակասում է 2020-ի դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածություններին, և հույս է հայտնել, որ իրավիճակը արագ կկարգավորվի։

Փաշինյանը պարբերաբար կրկնում է, որ ՀՀ քաղաքացիներից ստացել է խաղաղության դարաշրջան բացելու մանդատ։