2 սեպտեմբերի 2021 - 12:44 AMT
Զատուլին․ ՌԴ-ն թույլ չի տա հայ ժողովուրդն անպատիժ ստորացվի իր պատմական հողում

ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը նամակ է հղել «ՊրոԱրցախ» ֆորումի մասնակիցներին, որտեղ նշել է՝ Ռուսաստանը թույլ չի տա, որ հայ ժողովուրդն անպատիժ կերպով ստորացվի իր պատմական հողում:

«Շնորհավորում եմ Ձեզ և Արցախի Հանրապետությանը, որ չնայած բոլոր խոչընդոտներին, դուք այսօր հավաքվել եք միասին: Եթե հիշում եք, ես պատիվ եմ ունեցել մի քանի տարի առաջ ձեր ֆորումում շարադրելու իմ պատկերացումներն Արցախի Հանրապետության անկախության վերաբերյալ:

Կարծում եմ, որ անցյալ տարվա պատերազմը Արցախում չպետք է տեղի ունենար, որ ռուս և հայ ժողովուրդները շատ բան կորցրեցին այդ արյունալի հակամարտության արդյունքում։ Իհարկե, ոչ հավասարապես: Բայց Ստեփանակերտում և Երևանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում, պետք է իմանան, որ անհանգստացած Ռուսաստանը թույլ չի տա, որ հայ ժողովուրդն անպատիժ կերպով ստորացվի իր պատմական հողում: Դրա գրավականը ռուս խաղաղապահների ներկայությունն է Արցախում»,-ասվում է նամակում:

Զատուլինը հույս է հայտնել, որ ՌԴ-ում խորհրդարանական ընտրություններից հետո առաջին արտասահմանյան ուղևորությունը կկատարի Հայաստան և Լեռնային Ղարաբաղ։

Սեպտեմբերի 2-ին նշվում է Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյա տարեդարձը: