2 սեպտեմբերի 2021 - 17:51 AMT
Ստեփանակերտում Հայ դատի գրասենյակ է բացվել

Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության Անկախության հռչակման օրը, Ստեփանակերտում բացվել է ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակը:

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը ներկաներին շնորհավորել է Հանրապետության օրվա կապակցությամբ և հատկանշական համարել Արցախի անկախության օրվա առթիվ Ստեփանակերտում գրասենյակի բացումը, գրում է Արցախպրեսը։

«44-օրյա պատերազմից հետո մենք հայտնվել ենք մի այնպիսի իրավիճակում, երբ կան բազում մարտահրավերներ, որոնց լուծման ուղիները շատ դժվար են: Կարելի է առանձնացնել մեր երկրի և ժողովրդի առջև ծառացած 3 հիմնական մարտահրավե. անվտանգության, ԱՀ կարգավիճակի հարցերը և բարոյահոգեբանական վիճակի հաղթահարումը:

ՀՅԴ-ն իր բոլոր աշխարհասփյուռ կառույցներով ախտորոշել է հիմնական մարտահրավերները և պատրաստ է իր բոլոր կարողությունները ի սպաս դնել հայրենիքի փրկության ուղղությամբ», - ասել է Մոսիյանը:

Ելույթ են ունեցել նաև ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը, Հայ Դատի կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը և ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:

Միջոցառմանը ներկա էին պաշտոնատար անձինք, ՀՀ ԱԺ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներ: