3 սեպտեմբերի 2021 - 14:37 AMT
Կարապետյանն ընդունել է ՌԴ ՊՆ ռազմական մասնագետների պատվիրակությանը

Սեպտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմական մասնագետների պատվիրակությանը:

Ռուսական պատվիրակությունը Հայաստան է ժամանել հայ-ռուսական երկկողմ գործակցության շրջանակում հերթական բանակցություններին և քննարկումներին մասնակցելու նպատակով, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

ՌԴ ՊՆ պատվիրակության ղեկավար, գեներալ-մայոր Վալերի Ժիլան ՀՀ պաշտպանության նախարարին տեղեկացրել է առաջիկա աշխատանքների ուղղությունների և ծավալի մասին, ինչպես նաև նախանշել երկկողմ փոխգործակցության և քննարկման ենթակա հարցերը:

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նշել է հայկական կողմի համար առավել կարևոր նշանակություն ունեցող հարցերի շրջանակը: