13 սեպտեմբերի 2021 - 15:52 AMT
Բաքուն հաստատել է՝ Գորիս-Կապան ճանապարհին գումար է գանձում իրանական բեռնատարներից

Բաքուն հաստատել է, որ Գորիս-Կապան ճանապարհին գումար է գանձում իրանական բեռնատարներից։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեն:

Կոմիտեում նշել են, որ ճանապարհային հարկ է գանձվում «Ադրբեջանի տարածքով անցնող տրանսպորտային միջոցներից», գրում է Haqqin.az-ը։

Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեն նշել է, որ այժմ Ադրբեջանի մաքսային մարմինները ապահովում են «օրենսդրության կատարումը երկրի ամբողջ տարածքում»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում տեղակայված ադրբեջանական ոստիկանական կետի ծառայողները իրանական բեռնատարների վարորդներից պահանջում են կանխիկ 130 դոլար վճարել՝ «իրենց տարածքով անցնելու համար»։ Այդ մասին Սյունիքից հայտնել է ՍիվիլՆեթի թղթակից Գևորգ Թոսունյանը, որը զրուցել է իրանցի վարորդների հետ։

Կարմրաքարի, ինչպես նաև Որոտանի մոտ ադրբեջանցիները տեղադրել են եռալեզու մեծ ցուցանակ՝ «Դուք մուտք եք գործում Ադրբեջանի Հանրապետության տարածք» գրությամբ։