13 սեպտեմբերի 2021 - 19:23 AMT
Իրանի ԱԳՆ․ Ընդլայնում ենք հարաբերությունները բոլոր հարևանների հետ

Իրանի արտաքին գործերի նախարարությունը, մեկնաբանելով իրավիճակը Գորիս-Կապան ճանապարհին, որտեղ ադրբեջանցի ոստիկանները ստուգում են և գումար գանձում իրանական բեռնատարներից, նշել է որ ընդլայնում է հարաբերությունները բոլոր հարևանների հետ։

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Հաթիբզադեն հայտարարել է, որ Իրանի համար առաջնային են հարաբերությունները հարևանների հետ, ինչն արտացոլված է որպես նախագահ Իբրահիմ Ռայիսիի արտաքին քաղաքականության հիմնարար մոտեցում։

Ըստ Հաթիբզադեի, Թեհրանը հավասարակշիռ քաղաքականություն է վարում, սակայն, միևնույն ժամանակ, հաշվի առնելով իր գերակայությունները, զարգացնում է հարաբերություններն իր բոլոր հարևանների հետ։

«Մենք ձգտում ենք օգտագործել Իրանի հնարավորությունները տարածաշրջանային զարգացման, խաղաղության և կայունության համար՝ բոլոր հարևանների մասնակցությամբ։ Մասնավորապես, օրակարգում մեր հարաբերություններն են Հայաստանի, ինչպես նաև մեր մյուս հարևանների հետ»,-ասել է Հաթիբզադեն։

Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում տեղակայված ադրբեջանական ոստիկանական կետի ծառայողները իրանական բեռնատարների վարորդներից պահանջում են կանխիկ $130 վճարել՝ «իրենց տարածքով անցնելու համար»։ Տեղեկությունը պաշտոնապես հաստատել է նաև Բաքուն։