16 սեպտեմբերի 2021 - 10:29 AMT
Փաշինյան․ Անհետ կորած 243 անձ կա

Սեպտեմբերի 15-ի դրությամբ 44-օրյա պատերազմի արդյունքում անհետ կորած 243 անձ կա։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելել է, որ թիվը կարող է փոխված լինել, քանի որ աշխատանքներն ընթացքի մեջ են։

Վարչապետը հավաստիացրել է, որ նրանց ճակատագիրը պարզելու համար արվում է հնարավորը։

«ՀՀ պաշտոնյաների ոչ մի միջազգային հանդիպում չի անցնում առանց անհետ կորածների և գերիների թեմայի արծարծման՝ խորհրդարանական հարթակներից մինչև կառավարության հարթակներ։ Գոհացուցիչ է արդյո՞ք՝ ոչ, քանի դեռ բոլորը վերադարձած չեն»,- ասել է նա։

Փաշինյանը նշել է նաև, որ Արցախյան առաջին պատերազմից 200-ին մոտ մարդ կա, որոնց «գտնվելու վայրը մինչև օրս չի պարզվել՝ նրանք շարունակում են համարվել անհետ կորած»։

Նոյեմբերի 10-ի պատերազմի դադարեցման եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանում անհետ կորածների հարազատները պարբերաբար ցույցեր էին իրականացնում՝ պահանջելով գտնել իրենց մտերիմներին։ Միևնույն ժամանակ Արցախում շարունակվում են զինծառայողների որոնողական աշխատանքները։