22 սեպտեմբերի 2021 - 11:55 AMT
Բլինքենն ու Չավուշօղլուն ՄԱԿ ԳՎ շրջանակում քննարկել են ԼՂ հարցը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում քննարկել են նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան։

Ըստ Պետդեպի ներկայացուցչի, նրանք բավականին տևական զրույց են ունեցել Կովկասի՝ Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի մասին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Բլինքենի հանդիպումը Չավուշօղլուի հետ մոտ մեկ ժամ է տևել։ Անշուշտ, նրանք քննարկել են Աֆղանստանը, նաև խոսել են Սիրիայի մասին։ Բացի այդ, նրանք բավականին տևական զրույց են ունեցել Կովկասի մասին՝ Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի մասին»,-ասել է նա։

ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանը բացվել է սեպտեմբերի 14-ին Նյու Յորքում, ընդհանուր քննարկումները նախատեսված են սեպտեմբերի 21-27-ը։