Ներկա պահին Գորիս-Կապան ճանապարհին իրավիճակը հանգիստ է, սակայն հայկական մեքենաներն Որոտանի հատվածն անցնում են ռուս սահմանապահների և ՀՀ ԱԱԾ-ի ուղեկցությամբ։ Այդ մասին հաղորդել է Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը, գրում է «Փաստինֆոն»։
«Հայկական մեքենաները սպասում են, մի տեղ հավաքվում են, հետո ռուս խաղաղապահների և մեր ԱԱԾ-ի ուղեկցությամբ անցնում են այդ հատվածը, որպեսզի վաղը ինչ-որ նոր բան չստացվի, ապահովությունը լավ բան է»,-ասել է փոխքաղաքապետը:
Վերջինիս հաղորդմամբ՝ իրանական բեռնատարների կուտակումները Գորիս-Կապան ճանապարհին բավականին նվազել են, սակայն նա տեղյակ չէ՝ ադրբեջանցիները շարունակում են գումար պահանջել իրանցի վարորդներից, թե՝ ոչ:
Գորիս-Կապանի Որոտանի հատվածում ադրբեջանցիներն անցակետ են տեղադրել, որտեղ կանգնեցնում են իրանական բեռնատարները, նրանց փաստաթղթերը ստուգում, գումար են պահանջում իրանցի վարորդներից և նոր միայն թույլ տալիս անցնել այդ հատվածը: Վերջիններս սկսել են այլընտրանքային՝ Տաթևի ճանապարհից օգտվել։
Ադրբեջանցիները սանձարձակ քայլեր են անում նաև ճանապարհով երթևեկող հայ վարորդների նկատմամբ՝հարվածում են մեքենաներին, վարորդներին: