25 սեպտեմբերի 2021 - 10:47 AMT
ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել են․ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոնկրետ միջոցներ են առաջարկել

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը հանդիպել են Նյու Յորքում, ՄԱԿ-ի 76-րդ Գլխավոր վեհաժողովի շրջանակում։ Դա երկու երկրի ԱԳ նախարարների առաջին հանդիպումն էր 2020-ի նոյեմբերից ի վեր։ Այդ մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ։

Դրանում նշվում է, որ միջնորդները «կոնկրետ, նպատակաուղղված միջոցներ են առաջարկել իրավիճակի ապաէսկալացման և հնարավոր հետագա քայլերի վերաբերյալ», տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Խովաևը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) Նյու Յորքում առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, ինչպես նաև նախարարների համատեղ հանդիպում։

Համանախագահները ողջունում են 2020-ի նոյեմբերից ի վեր առաջին նման հանդիպումը որպես խաղաղ գործընթացը վերսկսելու երկու երկների վճռականության նշան՝ ուղիղ երկխոսության միջոցով, որն ուղղված կլինի տարածաշրջանում անվտանգության, կայունության և բարգավաճման ապահովմանը»,-ասվում է համանախագահների հայտարարության մեջ։

Նշվում է, որ միջնորդները, իրենց մանդատին համապատասխան, վերահաստատում են կողմերի հետ աշխատանքը շարունակելու հավատարմությունը՝ ԼՂ հակամարտության հետ կապված և դրանից բխող բոլոր մնացած հարցերի համապարփակ լուծում գտնելու համար։

Բոլոր հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։