30 սեպտեմբերի 2021 - 14:49 AMT
Լիտվան ՀՀ-ին Moderna-ի 50,000 դեղաչափ կտրամադրի

Լիտվայի կառավարությունը որոշում է կայացրել կորոնավիրուսի դեմ ամերիկյան Moderna ընկերության պատվաստանյութի 50,000 դեղաչափ տրամադրել Հայաստանին, տեղեկացնում է ՀՀ-ում այդ երկրի դեսպանատունը։

Նշվում է, որ Լիտվան առաջին անգամ է որոշում կայացնում Moderna ընկերության պատվաստանյութի նվիրաբերության մասին։

«Որոշվել է Moderna ընկերության արտադրած Spikevax պատվաստանյութի 50,000 դեղաչափ փոխանցել Հայաստանին: Լիտվան կշարունակի նպաստել ԵՄ-ի գլոբալ համաճարակի արձագանքման նախաձեռնությանը»,- ասվում է գրառման մեջ։

Օգնությունը կտրամադրվի ըստ ՀՀ կառավարության խնդրանքի։ Լիտվայի առողջապահության նախարարությանը հանձնարարվել է պատվաստանյութի հակտացումը կատարել մինչև 2021-ի հոկտեմբերի 4-ը, ասվում է Լիտվայի կառավարության հաղորդագրության մեջ։

Հայաստանն առաջին անգամ կստանա ամերիկյան Moderna ընկերության պատվաստանյութի չափաքանակ։ ՀՀ-ում սեպտեմբերի 26-ի դրությամբ` կատարվել է 408,535 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 264,695, երկրորդ դեղաչափ` 143,840։

Ավելի վաղ Լիտվան նաև AstraZeneca պատվաստանյութի խմբաքանակ էր փոխա նցել Հայաստանին։