2 հոկտեմբերի 2021 - 10:32 AMT
Բուժաշխատողների համար «Ոսկե ծիրանի» ֆիլմերի մուտքն ազատ է

Բոլոր բուժաշխատողների համար «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցութային ծրագրերի բոլոր ֆիլմերի մուտքն ազատ է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։

Երևանի «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնը կկայանա հոկտեմբերի 3-10-ը:

«Շնորհակալ ենք բուժաշխատողներին՝ կյանքի ու մահվան պայքար մղելու և բազում կյանքեր փրկելու համար»,-ասվում է գրառման մեջ։

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը կանցկացվի արդեն 18-րդ անգամ։ Ավանդաբար կինոփառատոնն ացնում էր հուլիսին, սակայն, այս տարի այն մեկնարկում է հոկտեմբերին։ «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնը կայացել էր նոյեմբերին՝ պայմանավորված համավարակային իրավիճակով:

Կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահն է հունգարացի թատրոնի և կինոյի ռեժիսոր, Կաննի, Լոկարնոյի և տասնյակ այլ հեղինակավոր կինոփառատոների դափնեկիր Կոռնել Մունդրուցոն: