5 հոկտեմբերի 2021 - 13:56 AMT
Նախագահ․ Որպես ժողովուրդ՝ լավ գիտենք ուսուցչի տեղը մեր արժեհամակարգում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Ուսուցչի օրվան նվիրված իր ուղերձում նշել է, որ հայերը, որպես ժողովուրդ, շատ լավ գիտեն ուսուցչի տեղն իրենց արժեքային համակարգում:

Նա նշել է, որ պետականությունը ծնվում և ապրում է նաև կրթության շնորհիվ, որ նույնն է՝ կրթված անհատի, կրթված հասարակության, կրթված ժողովրդի շնորհիվ: Այն ժամանակներում, երբ չենք ունեցել պետականություն, ուսուցիչն է հոգևորականի հետ միասին մեր մեջ վառ պահել Հայրենիքի, Հավատի ու Լեզվի, ասել է թե՝ մեր ինքնության լույսը:

«Ուսուցչի օրը նշում ենք բարդ ժամանակներում, մտահոգիչ ու ուժերի գերլարում պահանջող իրավիճակում, երբ ոչ միայն մեր հնարավորություններն ու ուժերը համատեղելու, մեր փորձն ու գիտելիքը ներդնելու, այլև նորովի սովորելու և սովորեցնելու կարիք ունենք՝ երբեք չզլանալով աշակերտ լինել և սովորել Ուսուցչից՝ այդ բառերի ամենալայն իմաստով:

Դպրոցն այն մեկնարկային կետն է, որտեղից, ինչպես և ընտանիքից, սկսվում է մեր ինքնության գիտակցումը՝ շնորհիվ մեր ծնողների, մեր ուսուցիչների, որոնք հաճախ են տարբեր իրավիճակներում փոխարինում միմյանց: Ասել է, թե՝ երկրի ապագան սկսվում է ուսուցչից, նրա տված դաստիարակությունից ու գիտելիքից, մեզ փոխանցվող նրա փորձից ու խորհրդից, որոնք բոլոր ժամանակներում էլ մնում են արժեքավոր ու անհրաժեշտ:

Այսօրվա աշխարհում ուսուցչի դերն այլևս չի սահմանափակվում գիտելիքի մատուցմամբ: Պետք է կարողանալ առավելագույն խորությամբ ըմբռնել երկրում, հասարակության մեջ, աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների էությունը: Մենք կարող ենք կառուցել դպրոց, համալսարան, բայց առանց որակյալ ուսուցչի չի կարող որակյալ արդյունք լինել»,-ավում է ուղերձում:

Նախագահը նշել է, որ պետք է ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի ուսուցիչները հնարավորություն ունենան ոչ միայն արժանի քաղաքացիներ կրթել, այլև կատարելագործել իրենց հմտությունները, զարգացնել գիտելիքները, որպեսզի բոլորս կարողանանք ապրել ուժեղ, բարեկեցիկ, անվտանգ և առողջ երկրում։

Հոկտեմբերի 5-ին Հայաստանում նշում են Ուսուցչի օրը։