6 հոկտեմբերի 2021 - 13:02 AMT
Երևանում հիփոթեքի եկամտահարկի ծրագիրն աստիճանաբար վերացնելու նախագիծն ընդունվել է 1-ին ընթերցմամբ

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է հիփոթեքային վարկի տոկոսադրույքի մարմանն ուղղվող եկամտահարկի վերադարձի համակարգը Երևանում աստիճանաբար հանելու օրինագիծը։ Կողմ է քվեարկել 59 պատգամավոր, դեմ՝ 22-ը։

«Հայաստան» խմբակցությունը հայտնել էր, որ այս տեսքով ներկայացված նախագծին դեմ են քվեարկելու:

Գործող օրենքով` անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռք բերելու դեպքում հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով եկամտային հարկը վերադարձվում է քաղաքացուն: Գործընթացը սկսվել է 2015-ի հունիսից և վերաբերում է 2014-ի նոյեմբերի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերին:

Որպես նախագծի առաջարկման հիմնավորում նշվել էր, որ հիփոթեքային վարկերի ահռելի աճ է գրանցվել և 2019-ին պետբյուջեից եկամտահարկի վերադարձի մեխանիզմով վճարումները կազմել են 7.8 մլրդ դրամ։

Ըստ նախագածի՝ առաջարկվում է սահմանել, որ եկամտային հարկը չի վերադարձվի հետևյալ դեպքերում․ եթե գույքը գտնվում է Երևանի 1-ին գոտում (2022-ի հուլիսի 1-ից), եթե գույքը գտնվում է Երևանի 2-րդ գոտում (2023-ի հունվարի 1-ից), եթե գույքը գտնվում է Երևանի 3-րդ գոտում (2023-ի հուլիսի 1-ից), եթե գույքը գտնվում է Երևանի այլ գոտիներում (2025 թվականի հունվարի 1-ից)։

Մարզերի համար պայմանները չեն փոխվի։ Ենթադրվում է, որ արտոնության վերացումը մայրաքաղաքում կխթանի կառուցապատման աճը մարզերում։