7 հոկտեմբերի 2021 - 11:22 AMT
Իրանի ԱԳ նախարարը պատրաստ է այցելել Երևան և Բաքու՝ հարևանների հետ հարաբերություններն առաջնային են

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, որն ավարտել է այցը Մոսկվա, հայտարարել է, որ առաջիկայում կարող է այցելել Երևան և Բաքու, քանի որ հարևանների հետ հարաբերությունների զարգացումն ԻԻՀ նոր կառավարության առաջնահերթություններից է։ Այդ մասին նա ասել է «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։

Նա նշել է, որ Իրանը հավասարակշռված քաղաքականություն է վարում՝ հավելելով, որ «Ադրբեջանն ու Հայաստանը Իրանի լավ հարևաններն են»։

«Մենք չենք կարող մեկի հետ աշխատել մյուսի դեմ»,-ասել է Աբդոլլահիանը։

Նշելով, որ վերջերս Իրան էր այցելել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Աբդոլլահիանն ասել է՝ լավ կլիներ, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը ևս կարողանար Թեհրան այցելել։

Աբդոլլահիանը Մոսկավյում ասել է, որ Թեհրանում որպես սադրիչ են գնահատում Ադրբեջանի զորավարժություններն այլ երկրների մասնակցությամբ։