Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, հոկտեմբերի 6-ին Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառնալով ադրբեջանական ինքնաթիռի թռիչքին ՀՀ օդային տարածքով, ասել է, որ չգիտեն, թե ով կամ ինչ է տեղափոխվել ինքնաթիռով։
Անդրադառնալով այն մտավախություններին, որ կարող են նաև զենք տեղափոխել՝ Ռևազյանն ասել է, որ ըստ միջազգային օրենսդրության իրավունք չունեն քաղաքացիական օդանավով զենք տեղափոխել։
«Մենք չգիտենք՝ ով ա էդ օդանավի մեջ, կամ ինչ բեռ է տեղափոխվում: Սակայն, ըստ միջազգային օրենսդրության, իրավունք չունեն քաղաքացիական օդանավով զենք տեղափոխել: Դա շատ լուրջ խախտում է»,- ասել է Ռևազյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստանը երբևէ չի փակել իր օդային տարածքն Ադրբեջանի համար, Բաքուն է դադարել այն օգտագործել 2014-ից։
«Ադրբեջանն էլ իրականում չի փակել իր օդային տարածքը հայկական ինքնաթիռների համար՝ բացառությամբ 44-օրյա պատերազմի։ Մենք չենք օգտվել ադրբեջանական օդային տրածքից, քանի որ կոմերցիոն տեսանկյունից ձեռնտու չի եղել»,-ասել է Ռևազյանը:
Հոկտեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը սկսել է օգտագործել ՀՀ օդային տարածքը՝ դեպի Նախիջևան ներքին ուղևորատար թռիչքներ իրականացնելու համար։ Այդ մասին հայտարարել է «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ընկերությունը։ Ավիաընկերությունից ասել են, որ Բաքու-Նախիջևան-Բաքու երթուղու փոփոխությունը թույլ կտա կրճատել թռիչքի տևողությունը և նվազեցնել վառելիքի ծախսը։