7 հոկտեմբերի 2021 - 17:02 AMT
Իրանցի նախարար․ Տարածաշրջանի տարանցիկ քարտեզը կփոխվի

Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Ռոստամ Ղասեմին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Կովկասի տարածաշրջանի տարանցիկ քարտեզը շուտով կփոխվի:

Նա գրել է, որ Կովկասյան միջանցքի և Նորդուզից Հայաստան ճանապարհի խնդիրը կլուծվի։

«Նախարարի տեղակալներին հանձնարարված հատուկ առաքելության շնորհիվ Նորդուզից Հայաստան ճանապարհի և Կովկասյան միջանցքի հարցը կլուծվի և շուտով այդ տարածաշրջանի տարացիկ քարտեզն ամբողջությամբ կփոխվի»,-ասել է Ղասեմին։

Նա հավելել է նաև, որ բոլոր նրանք, ովքեր խնդիրներ էին ստեղծում, պետք է իմանան, որ չեն փակի Իրանի ճանապարահը, իսկ «այրված կամուրջները հեշտ չեն վերականգնվում»։

Ավելի վաղ Հայաստանի և Իրանի արտգործնախարարներն ընդգծել են նաև «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին բազմակողմ hամաձայնագրի ստորագրման և արդյունավետ կիրարկման կարևորությունը։

Ավելի վաղ Ադրբեջանը ոստիկանական անցակետր էր տեղադրել Գորիս-Կապան ճանապարհի այն հատվածում, որը 44-օրյա պատերազմից հետո հայտնվել է Ադրբեջանի հսկողության տակ, և զննում էին իրանական բեռնատարները ու նաև մաքսատուրք գանձում։