11 հոկտեմբերի 2021 - 17:05 AMT
Խաղաղապահները հայ ուխտավորներին Ամարաս են ուղեկցել

ՌԴ խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են հայ ուխտավորների այցելությունն Ամարաս, որը 44-օրյա պատերազմի արդյունքում հայտնվել է շփման գծի մոտ։

«Անձնակազմն ապահովել է ուխտավորների անվտանգությունը։ Ամարաս են այցելում ուխտավորներ Լեռնային Ղարաբաղից և Հայաստանից՝ այս համալիրը սրբատեղի է համարվում ՀՀ և Լեռնային Ղարաբաղի հավատացյալների մեծամասնության համար։ Խաղաղապահները վանական համալիրի տարածքում են գտնվում անվտանգության ապահովման, ինչպես նաև անհարկի սադրանքներից խուսափելու համար։ Վանական համալիրը գտնվում է շփման գծի հարևանությամբ, ուստի խաղաղապահների ներկայությունն այստեղ անհրաժեշտություն է՝ խուսափելու կոնֆլիկտներից»,-ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Միրոնովը, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

44-օրյա պատերազմից հետո նոյեմբերի 10-ին ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Ամարասի վանքը հայտնվել է Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծի մոտակայքում: Նոյեմբերից հետո Ամարասն ու Դադիվանքը հսկում են ռուս խաղաղապահները։