20 հոկտեմբերի 2021 - 13:22 AMT
ԱՆ․ Գյումրի-Երևան ճանապարհին ՃՏՊ-ից տուժածներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Գյումրի ավտոճանապարհին` Կաքավաձոր գյուղի մոտ հոկտեմբերի 20-ի առավոտյան տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով հոսպիտալացված 13 վիրավորից 10-ը` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն։

Նրանցից 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, ներկա պահին 2-ը վիրահատվում են, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:

Մյուսների վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Եվս մեկ տուժած տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Նրա վիճակը գնահատվում է բավարար:

Տուժածներ կան նաև Աշտարակի բժշկական կենտրոնում, որոնց վիճակը գնահատվել է բավարարից` միջին ծանրության:

Երևան-Գյումրի ավտոճանապարհին` Կաքավաձոր գյուղի մոտ առավոտյան տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով, նախնական տվյալներով, կա 5 զոհ և տուժածներ: