21 հոկտեմբերի 2021 - 17:33 AMT
Նախարարը չի ժխտել կարտոֆիլի գնաճի կապն արտահանման հետ․ Ռեկորդ ենք խփել

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փաստել է, որ 2021 թվականին Հայաստանը կարտոֆիլի արտահանման ռեկորդ է սահմանել։

«Ռեկորդ ենք խփել․ 30,000 տոննա կարտոֆիլ է արտահանվել ՀՀ-ից։ Այսպիսի թիվ երբեք չի եղել անկախ Հայաստանի պատմության ընթացքում», - ասել է նա՝ ի պատասխան հարցի, թե ճի՞շտ են գնահատականները, որ տեղական շուկայում կարտոֆիլի գնաճի պատճառը դրա մեծածավալ արտահանումն է եղել, գրում է Aysor.am-ը։

«Արտահանման աճը կամ դրա կապվածությունը գնաճի հետ կայանում է նրանում, որ եթե արտահանվում է կոնկրետ գնով և արտահանվող շուկայում այդ ապրանքն արժե կոնկրետ թիվ, ապա դա, բնականաբար, սինքրոնիզացնում է տեղական շուկայի գինը, այս դեպքում՝ կոնկրետ բարձրացնում է», - ասել է էկոնոմիկայի նախարարը։

Նա հավելել է, որ ստեղծված կոնյուկտուրայում ֆերմերներին չպետք է զրկել իրենց եկամուտներն ավելացնելու հնարավորությունից։ Նախարարը հայտնել է նաև, որ կարտոֆիլի «ռեկորդային արտահանումը» դեպի ԵԱՏՄ երկրներ է եղել՝ հրապարակելով այլ ցուցանիշներ ևս։

«Այս տարի մոտ 180,000 տոննա թարմ գյուղմթերք է արտահանվել․ 25-30 տոկոսով ավելի շատ, քան անցյալ տարվա ցուցանիշն է։ Տարին դեռ չի ավարտվել, հույս ունենք՝ կանցնեք 200,000 տոննա ցուցանիշը», - ասել է Քերոբյանը։

Վահան Քերոբյանը, մտահոգություն հայտնելով գնաճի վերաբերյալ, նաև ասել է, որ կառավարության աշխատանքի արդյունքը պետք է լինի մարդկանց ավելի լավ ապրելը, իսկ «գնաճը, կարելի է ասել, խժռում է արած աշխատանքի մեծ մասը»: Նա հավելել է, որ ընդհանուր գնաճը 8.9 տոկոս է, բայց սննդամթերքինն ավելի բարձր։