23 հոկտեմբերի 2021 - 12:19 AMT
Ջերմուկում կբարեկարգվի ջրվեժի ճեմուղին, «Եղնիկի» դիտահրապարակ կկառուցվի

Ջերմուկում մեկնարկել են ենթակառուցվածքների արդիականացման մեծ ծավալի աշխատանքներ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։

Նա նշել է, որ իրականացվում է Շահումյան և Մաշտոց փողոցների բարեկարգումը, իսկ առաջիկայում կմեկնարկեն Գնդեվանքի քայլարշավային արահետի, ջրվեժի ճեմուղու, ըմպելասրահի, ճեմուղիների և շուկայի բարեկարգման աշխատանքները:

Կկառուցվի նաև «Եղնիկի» դիտահրապարակը, որն արդեն նախագծման փուլում է:

Նախնական գնահատմամբ՝ աշխատանքների արժեքը կազմելու է մոտ 3 միլիարդ դրամ, որը ներդրվելու է Հայաստանի կառավարության և Համաշխարհային բանկի կողմից։

Աշխատանքներն իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով՝ «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» շրջանակներում, որը համակարգում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: