25 հոկտեմբերի 2021 - 19:45 AMT
Թուրքիայում անտառի հրկիզման կասկածանքով ՌԴ 7 քաղաքացու են ձերբակալել

Թուրքական Անթալիայում անտառի չկանխամտածված հրկիզման կասկածանքով ձերբակալել, իսկ հետո կալանավորել են ՌԴ 7 քաղաքացու։

Միջադեպը տեղի է ունեցել Չաղլարջա տեղանքում, երբ զբոսաշրջիկները քայլերթ էին կատարում «Լիկիայի արահետը» երթուղով, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին ՌԴ Գլխավոր հյուպատոսության վրա հղումով։

Նշվում է, որ Գլխավոր հյուպատոսության աշխատակիցն այցելել է կալանավորված զբոսաշրջիկներին, պարզաբանել նրանց ներկայացված մեղադրանքի էությունը և իրավական ասպեկտները։

Հյուպատոսությունը նաև հարցում է ուղարկել տեղի իշխանություններին՝ պահանջելով տրամադրել գործի նյութերը։

Գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը նշել է նաև, որ դիվանագիտական ներկայացուցչությունը հետևում է, որ քննչական և դատական միջոցառումների ընթացքում պահպանվեն դատավարական նորմերը։

Photo. AP