«ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Կողմ է քվեարկել 58 պատգամավոր, 3-ը ձեռնպահ է մնացել։
Նախագծով նախատեսվում է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմումների քննարկման ժամկետը կրճատել մինչև 90 աշխատանքային օր՝ գործող 6 ամսվա փոխարեն։
Ըստ նախագծի, ազգությամբ հայ երեխաները, ում ծնողները ՀՀ քաղաքացի չեն, Հայաստանում բնակություն հաստատելու պահից քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք կստանան:
Նախատեսվում է նաև ՀՀ քաղաքացի հանդիսացող չափահաս զավակներ ունեցող անձանց իրավունք վերապահել ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու առանց ՀՀ-ում 3 տարի մշտական բնակության և հայերենով բացատրվելու կարողության պահանջի:
Նախագծով սահմանվում է նաև ՀՀ-ում մշտապես բնակվող ազգությամբ հայերի և նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիության ճանաչման դիմում ներկայացնելու՝ օրենքով սահմանված ժամկետը երկարաձգել մինչև 2023-ի դեկտեմբերի 31-ը:
Նախագծով առաջարկվում է նաև հստակեցնել ՀՀ քաղաքացիներից ծնված երեխաների կողմից քաղաքացիություն ձեռք բերելու վերաբերյալ դրույթները։