27 հոկտեմբերի 2021 - 14:51 AMT
Էրդողան․ Անկարան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ, եթե վերջինս լուծի իր խնդիրները Բաքվի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանում հայտարարել է, որ Անկարան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ, եթե վերջինս լուծի իր խնդիրները Բաքվի հետ։

«Ամուր խաղաղության կառուցման համար պայմաններն այժմ բարենպաստ են, ինչպես երբեք։ Այդ հարցում Հայաստանը պետք է Ադրբեջանի հետ խնդիրները կարգավորելու անկեղծ կամք դրսևորի։ Եթե նա անի դա, ոչ մի խոչընդոտ չի լինի Թուրքիայի և ՀՀ հարաբերությունների կարգավորման համար»,-ասել է Էրդողանը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, որ Թուրքիայի մասնակցությամբ իրականացվող ենթակառուցվածքային նախագծերը շահավետ տնտեսական և առևտրային հարաբերություններ կստեղծեն տարածաշրջանի բոլոր երկրների համար։

«Ադրբեջանի բոլոր հարևանները, այդ թվում Իրանը, Վրաստանը և Հայաստանը, կշահեն դրանից»,-ասել է Էրդողանը։

Հոկտեմբերի 26-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օկուպացված Վարանդայում (Ֆիզուլի) մասնակցել են նորակառույց միջազգային օդանավակայանի բացմանը։