27 հոկտեմբերի 2021 - 15:20 AMT
Սասուն Միքայելյան․ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հիմքում Արցախի հարցն էր

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, Եռաբլուրում անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանը, ասել է, որ 22 տարի առաջ տեղի ունեցած ահաբեկչության հիմքում Արցախի հարցն էր և այդ ահաբեկչությունը կոտրեց Հայաստանի ողնաշարը։

Միքայելյանը, ԵԿՄ անդամների ուղեկցությամբ, այցելել էր Եռաբլուր զինվորական պանթեոն` սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին հարգանքի տուրք մատուցելու։

«Եթե Վազգենը լիներ, նման բան չէր լինի»,- ասել է Միքայելյանը՝ անդրադառնալով ներկայիս իրավիճակին և տարածքային կորուստներին, գրում է «Առավոտը»։

Նա հավելել է, որ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը պետությունը քանդեց հիմքից ու եթե այն չլիներ, այսօր բոլորովին այլ պետություն կունենայինք՝ հզոր բանակով: Նա վստահություն է հայտնել, որ ահաբեկչության պատվիրատուները վաղ թե ուշ կբացահայտվեն, իսկ դա կլինի այս իշխանության օրոք, գործող իշխանությունը կարո՞ղ է դա անել, ըստ Սասուն Միքայելյանի՝ հետո կերևա։

«Բոլոր իշխանություններն էլ պիտի անպայման այդ ուղղությամբ մտածեն, եթե չբացահայտվի՝ շարունակական բաներ տեղի կունենան հետագայում»,-ասել է նա:

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե նախկին դատախազ Գագիկ Ջհանգիրյանը, որն այժմ ԲԴԽ նախագահն է, 2018-ին հայտարարել էր, որ իր կարծիքով՝ ամեն ինչ բացահայտված է, քրեական գործում ամենը կա՝ Միքայելյանն ասել է , որ «ժամանակի մեջ լինում է ամեն ինչ էլ»։

«Եթե Ջհանգիրյանը դա ասել է՝ այսօր ժամանակ է փոխվել: Եկեք չշտապենք, այսօր իշխանություն է փոխվել: Դուք բոլորդ քաջատեղյակ եք, որ հոկտեմբերի 27-ը տեղի ունեցավ նախկին իշխանությունների օրոք և դա մտորելու տեղիք է տալիս»,- ասել է Սասուն Միքայելյանը:

Նա հավաստիացրել է, որ ԵԿՄ-ն պահանջատեր է մնալու, որպեսզի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը, որը մեր ազգի խարանն էր, բացահայտվի:

1999-ի հոկտեմբերի 27-ին ահաբեկչության զոհ դարձան վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավոր Արմեն Արմենակյանը և Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, պատգամավոր Միքայել Քոթանյանը: Բացի 8 զոհից, ևս 8 հոգի վիրավորվել էր։

Զինված խումբն ԱԺ նիստերի դահլիճ է ներխուժել հերթական նստաշրջանի ժամանակ՝ կառավարությանը հարց ու պատասխանի ժամին։ Զինված խմբին պատանդ էին մնացել ողջ մնացած մյուս պատգամավորներն ու նիստը լուսաբանող լրագրողները: Նրանք ազատ արձակվեցին հոկտեմբերի լույս 28-ի գիշերը՝ ահաբեկիչների կողմից զենքերը վայր դնելուց ու հանձնվելուց հետո։