29 հոկտեմբերի 2021 - 10:39 AMT
Զախարովա․ Տրանսպորտային ապաշրջափակման ամենաօպտիմալ ձևը եռակողմ աշխատանքային խումբն է

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համար ամենաօպտիմալ ձևը եռակողմ աշխատանքային խումբն է՝ Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ: Այդ մասին նա ասել է՝ ճեպազրույցում մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը Վարանդայում՝ «Զանգեզուրի միջանցքի» մեկնարկի մասին:

Զախարովան նշել է, որ բոլոր երեք կողմը բարձր են գնահատում աշխատանքային խմբի գործունեությունը։

Նա հավելել է, որ Մոսկվան ճիշտ է համարում հավատարիմ մնալն այն հայտարարություններին և քայլերին, որոնք նպաստում են Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների իրագործմանը։

Նա նշել է, որ 2021-ի հունվարի 11-ին ստեղծված և Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործող աշխատանաքային խումբն արդեն 8 նիստ է անցկացրել և բոլոր կողմերը բարձր են գնահատում խմբի գործունեությունը։

Ավելի վաղ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը համատեղ այցելել էին Ադրբեջանի հսկողության տակ անցած Վարանդա՝ մասնակցելու միջազգային օդանավակայանի բացմանը։ Նրանք նաև մասնակցել էին ճանապարհի կառուցման հիմնարկեքին, որտեղ Էրդողանը հայտարարել էր, որ դրանով սկիզբ է դրվում «Զանգեզուրի միջանցքի» մեկնարկին։