2 նոյեմբերի 2021 - 14:52 AMT
Սանոսյան․ Սահմանազատումից չպետք է վախենալ, եթե նույնիսկ 1-2 տեղ էլ ցավոտ լինի

Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարար Գնել Սանոսյանը, անդրադառնալով սահմանազատման խնդիրներին, հայտարարել է, որ սահմանազատումից չպետք է վախենալ, խուսափել. եթե նույնիսկ 1-2 տեղ էլ, հնարավոր է, ցավոտ լինի, ապա պետք է խնդիրը ֆիքսել՝ նկատի ունենալով, որ դա է Հայաստանի սահմանը, այլ ոչ թե ամեն օր միջադեպ արձանագրել և այդ միջադեպերով զբաղվել:

Նա ասել է, թե նայած ում մոտ այն ցավոտ կլինի, և անմիջապես պատասխանել լրագրողի դիտարկմանը, որ մինչև հիմա մեզ համար է ցավոտ եղել՝ նշելով, որ դա է իրականությունը, գրում է Panorama.am-ը։

«Այո, մեր վիճակը ցավոտ է, բայց սա է մեր իրականությունը, մենք հայտնվել ենք այս իրականության մեջ և այնտեղ կարևոր մասնաբաժին ունի, խաղաղ ապրելը, զարգանալը, տնտեսությունը , բանակը և այլն: Դրա համար կարևոր է սահմանի հստակեցումը, որպեսզի անընդհատ մենք սահմանային միջադեպ չունենանք, ինչ-որ մեկի մեքենային ինչ-որ մեկը ոտքով չհարվածի»,-ասել է նա:

Նախարարը հայտնել է, որ սահմանազատման համար քարտեզները դիտարկելիս պետք է հաշվի առնվի, թե դրանք ինչ իրավական կարգավիճակ ունեն:

«Այն պետք է իրավականորեն հստակեցված և հիմնավորված լինի և բոլորի կողմից՝ ընդունելի»,-հայտարարել է Սանոսյանը:

Անդրադառնալով Մոսկվայում եռակողմ հանդիպման վերաբերյալ հարցին, հաստատել է, որ հանդիպումը կազմակերպելու վերաբերյալ քննարկումներ կան:

«Հանդիպմանը փաստաթուղթ նախատեսված է, թե ոչ՝ տեղյակ չեմ, մինչև այս պահը՝ ոչ»,-ասել է նա։