8 նոյեմբերի 2021 - 10:36 AMT
Փաշինյան․ Այս պահին նոյեմբերի 9-ի հանդիպման որևէ պայմանավորվածություն չկա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 7-ին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում, անդրադառնալով նոյեմբերի 9-ին կայանալիք եռակողմ հանդիպման մասին լուրերին, հայտարարել է, այս պահին նոյեմբերի 9-ին հանդիպում անցկացնելու որևէ պայմանավորվածություն չկա։

«Այնտեղ, որտեղ մենք կարող ենք արձանագրել արդյունք, մենք ոչ մի հանդիպումից չենք հրաժարվի, բայց ինքնանպատակ հանդիպումներ անելու կողմնակից չենք նաև։ Կոնկրետ նոյեմբերի 9-ի հետ կապված կարող եմ ասել, որ այս պահին այդպիսի պայմանավորվածություն չկա»,-ասել է նա։

Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև մոտ օրերս ակնկալվող տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպման մասին։ Ըստ Պեսկովի, տեսահանդիպումը նախատեսված է առաջիկա օրերին, գրել էր Interfax-ը։