ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 9-ի նիստում քննարկման է ներկայացրել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագիծը և կից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:
Նախատեսվում է սահմանափակել կանխիկ գործարքները։ Գաղափարն այն է, որ տնտեսվարողն իրավունք չունենա մերժել հաճախորդի՝ անկանխիկ վճարում իրականացնելու պահանջը:
Նախագծով բացառվում են կանխիկով գործառնություններն իրավաբանական անձանց միջև, իսկ իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավահարաբերությունների դեպքում մինչև 300,000 դրամ կանխիկով գործառնությունները թույլատրելի են: Այս շարքում բացառություններ կան. պետական կամ ՏԻՄ բյուջեներից կատարվող ցանկացած վճարում պետք է բացառապես անկանխիկ լինի:
Գրավատների կողմից տրամադրվող վարկերի պարագայում սահմանվել է 20,000 դրամի շեմ, բանկերն ու վարկային կազմակերպությունները վարկերն ու փոխառությունները ևս բացառապես անկանխիկ եղանակով պետք է տրամադրվեն:
Անկանխիկ պետք է լինեն նաև փաստաբանների և նոտարների մատուցած ծառայությունների դիմաց վճարումները, կրթական և բժշկական հաստատություններում կատարվող վճարումները:
Աբրահամյանը նշել է, որ կանխիկ գործառնությունները թե անվտանգության, թե ծախսի հասանելիության ու արագության առումով ավելի թանկ են:
Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացության:
Քննարկվել և հավանության է արժանացել «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու մասին» հարցը: