Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայացրել է Օղակաձև այգու հիմնանորոգված 6-րդ գոտին, որի տարածքում կառուցվել է մայրաքաղաքի առաջին սքեյթ-պարկը և շների զբոսայգին:
Նա նշել է, որ ընդամենը երկու տարի առաջ այգին անխնամ և քայքայված վիճակում էր՝ տարածքի զգալի մասը զավթված էր սրճարաններով և ապօրինի այլ շինություններով, ոռոգման ցանցը փաստացի բացակայում էր, հատակը պատված էր դեռ խորհրդային շրջանից մնացած մաշված սալիկներով, կանաչ ֆոնդը, ըստ էության, կանգնած էր վերացման վտանգի առաջ:
Երևանի քաղաքապետարանը սկսել է աշխատանքները զուգահեռ բոլոր ուղղություններով:
Նախ, Օղակաձև այգու 6-րդ հատվածը՝ ավելի քան 12 հեկտար, ազատվել է ապօրինի շինություններից, բետոնից մաքրվել ու կանաչապատվել է մոտ 50,000 քմ տարածք, թարմացվել են ծառերը, տնկվել է 8600 ծաղիկ, հիմնվել է ավելի քան 4400 քմ սիզամարգ, անցկացվել նոր լուսավորության ցանց։
Ներդրվել է ոռոգման նոր համակարգ՝ 5450 գծամետր խողովակներով, այգին սալիկապատվել է նոր մոտեցմամբ և առանձնացվել են հեծանվուղիներ:
Հատուկ այգու համար նախագծվել և տեղադրվել են նստարաններ և աղբամաններ։
Մաքրվել է Գետառի՝ այգու միջով անցնող հատվածը և կառուցվել է նոր հենապատ:
Այգու տարածքում կառուցվել է երկու նոր թեմատիկ պարկ՝ Երևանի առաջին սքեյթ-պարկը և շների համար նախատեսված առաջին պարկը: Օղակաձև զբոսայգու համալիր բարեկարգման ու թեմատիկ այգիների ստեղծման աշխատանքները կատարվել են Երևան համայնքի բյուջեի միջոցներով և քաղաքի բարեկամների ֆինանսականաջակցությամբ:
․